ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ամանորյա միջոցառում, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ:
Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կատարումներով հանդես են եկել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած՝ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը և «ՀՓԵ զանգերի» երգչախումբը (դիրիժոր՝ Քնարիկ Բաբաջանյան):
Հնչել են Կոմիտասի ժողովրդական երգերի մշակումները, իսկ երգերից մեկի կատարման ընթացքում, Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ, երգչախմբին են միացել նաև դահլիճում ներկա երեխաներն ու իրենց ծնողները։