Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմ, փորձում է ճեղքել Արցախի Պաշտպանության բանակի դիմադրողականությունը և մտնել Արցախ և Հայաստան ՝ թուրքական օդուժի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև Սիրիայից ներմուծած մեծաքանակ վարձկանների օգնությամբ:
Արցախի սահմանները դարձել են ողջ աշխարհի քաղաքակրթության առաջնագիծը: Միջազգային ահաբեկչական միավորումները նպատակ ունեն տարածաշրջանում նոր որջ ստեղծել և հայերին արտաքսել այդ շրջանից։
Հայտնի է նաև, որ այս ուժերը չեն տարբերակում իրենց թիրախների աշխարհաքաղաքական սահմանները՝ հավասարապես սպառնալով նաև այլ երկրներին:
Արցախը, Հայաստանը և հայ ազգն այս գլոբալ պատերազմում միայնակ կռվում են ահաբեկչության դեմ՝ հանուն մարդու իրավունքների: Արդեն երկրորդ անգամ, կոպտորեն խախտելով կողմերի միջև կնքված՝ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գրոհներ ձեռնարկել Արցախի ուղղությամբ ՝ օգտագործելով զրահամեքենաներ և հրթիռներ:
Ադրբեջանական բանակը ռմբակոծում է քաղաքային բնակավայրերը, քաղաքացիական և մարդասիրական օբյեկտները՝ հիվանդանոցները, դպրոցները և բնակելի շենքերը:
1915 թ.-ին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունն իրականացնելուց 100 տարի անց հայերը պայքարում են մի նոր հնարավոր Ցեղասպանությունը կանխելու նպատակով, մինչդեռ աշխարհը դեռ լուռ հետևում է այս իրադարձություններին:
Ագրեսոր երկրների ռազմաքաղաքական առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրում են սանձազերծված անմարդկային իրադարձությունների և առաջացած բոլոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանն իր ուշադրությունը կենտրոնացնել այս ծայրաստիճան մտահոգիչ, իսկապես հանցավոր զարգացումներին: Առանց հրատապ և կանխարգելիչ քայլերի ՝ շարունակվող մարդասիրական աղետը, անշուշտ, կհանգեցնի ծանր հետևանքների տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս:
Ոչ ոք չպետք է լռի, երբ անմեղ քաղաքացիական անձինք, երեխաները, ծերերը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը ենթարկվում են հարձակման, կրակահերթերի, ռմբակոծության և հրթիռակոծման, ներառյալ օտարերկրյա լրագրողների թիրախավորումը , որոնք բացահայտում են իրական փաստերը:
Առաջադեմ մարդկությունը պետք է պահանջի իրենց Կառավարությունից, Խորհրդարանից, ՄԱԿ-ից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ)
-դադարեցնել պատերազմը, խաղաղ բնակչության ոչնչացումը, -դադարեցնել դպրոցների, հիվանդանոցների և բնակավայրերի ռմբակոծությունը,
- արգելել զենքի վաճառքը հակամարտության գոտիներին, դադարեցնել ագրեսորներին զենք մատակարարելը
- պահանջել վարձկան ահաբեկիչների դուրսբերումը տարածաշրջանից, -Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Առաջադեմ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները և մտավորականները պետք է դատապարտեն ցանկացած բռնություն աշխարհի բոլոր ծայրերում:
Անտարբերությունը հավասարազոր է հանցակից լինելուն:
Քաղաքակիրթ աշխարհից մենք ակնկալում ենք ոչ միայն ուշադրություն, այլև գործողություն: