Հոկտեմբերի 10-16-ը, 2015, Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանում է գտնվում Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Համերգային շրջագայությունը նվիրվում է դանիացի մարդասերներ` Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին, ովքեր 1915թ. փրկեցին հազարավոր հայ երեխաների կյանք:
100 տարի անց, դանիացիները կրկին ցուցաբերում են իրենց մարդասիրական առաքելությունը, այս անգամ իրականացնելով բարեգործական համերգաշար Վանաձորում (հոկտեմբերի 11, ժամը 16։00, Է.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց), Գյումրիում (հոկտեմբերի 12, ժամը 17։00, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տուն ), Երևանում (հոկտեմբերի 14, ժամը 19։00, Կամերային երաժշտության տուն), Դիլիջանում (հոկտեմբերի 15, ժամը 17։00, Միջազգային դպրոց), Բերդում (հոկտեմբերի 16, ժամը 12։00, երաժշտական դպրոց) և Ծաղկունքում (հոկտեմբերի 16, ժամը 18։00, հանդիպում ելույթ դպրոցում)՝ «ՄիդՎեստ» աղջիկների երգչախմբի մասնակցությամբ:
Երգչախումբը կայցելի և ելույթներով հանդես կգա Հայկական «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գյումրիի «Էմիլի արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն:
Շրջագայությունը կազմակերպվել է Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: