2014 թվականի դեկտեմբերի 8-ը գեղեցիկ, տոնական և կարևոր նշանակություն ունեցող օր էր երգչախմբային արվեստի զարգացման և լուսաբանման համար: Արդեն երրորդ տարին էր, ինչ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Համերգն իրականություն դարձավ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահի հարթակից երաժշտասերին ներկայացան Հայաստանի 7 երգչախումբ. պետական, սիրողական, մանկական: Յուրաքանչյուրը հանդիսականին փոխանցեց իր գույնն ու խոսքը: Այս համերգը վառ ապացույցն էր նրա, որ Հայաստանում արագընթաց զարգացում է ապրում երգչախմբային արվեստը: Համերգի ավարտն էլ ավելի վառ ու հիշվող դարձրեց այս տոնը: «Հայաստանի փոքրիկ երգիչներին» միացան դահլիճում գտնվող 1200 դպրոցական և Տիգրան Հեքեքյանի օգնությամբ ու ղեկավարությամբ, տեղում սովորեցին և երգեցին Կոմիտասի «Սոնա յար» երգը: Եվ հենց այսպիսի մեթոդներն են հետաքրքրություն և սեր առաջացնում երեխայի մոտ երաժշտության, արվեստի նկատմամբ, նրան անմիջական մասնակիցը դարձնելով և կարևորելով: Սա միջոց է ձևավորելու և դաստիարակելու կիրթ արվեստասեր և արժանավոր ունկնդիր: Իսկ տոնը շարունակվում էր նաև նախասրահում: Բազմաթիվ փոքրիկներ կիսվում էին տպավորություններով և ոգևորությամբ և ցանկություն հայտնում մասնակցելու նման միջոցառումների: