Համերգային շրջագայություն Լիտվայում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին

2019 թվականի սեպտեմբերի 19-ից 25-ը տեղի է ունեցել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>>  երգչախմբի՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունը Լիտվայում:

Հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առիթով համերգով հանդես են եկել համերգով Վիլնյուսի Սբ. Կատարինա եկեղեցում:  Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝  Է. Հովհաննիսյանի <<Էրեբունի-Երևանով>>`<<Հայաստանի փոքրիկ երգիչների>>, լիտվական հայտնի <<Աժոլուկաս>> և <<Ուգնելե>> երգչախմբերի միացյալ կատարմամբ: Համերգի ավարտին  Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը խոսել է իր տպավորությունների մասին.

 <<Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ոտքի կանգնեցրեց ամբողջ Լիտվան: Տպավորությունը ցնցող էր: Հանդիսատեսը շունչը պահած ունկնդրեց ձեզ: Շատ ուրախ եմ , որ ձեզ հետ միասին ներկայացնում եմ մեկ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հրաշալի է, որ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, քանի որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ներկայացնում է անկախության սերունդը: Երգչախումբը նոր Հայաստանի մշակութային ամենամեծ բրենդերից մեկն է: Մեծ հպարտություն և մեծ պատիվ է ցանկացած դեսպանի համար ձեզ հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելը>> :

Տիգրան Հեքեքյանը, <<Լիտվայի խմբավարների ասոցիացիայի>> խնդրանքով, նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար։ Ինչպես փաստել է միջոցառման նախաձեռնող՝ <<Ուգնելե>>-ի ղեկավար Վալերիա Սկապիենեն, նման միջոցառումներին սովորաբար մասնակցելու հայտ են ներկայացնում ամենաշատը 30-40 երաժիշտ, իսկ այս անգամ հայտերի թիվն անցել է հարյուրը։

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի փայլուն ելույթների մասին իրենց տպավորություններն են հայտնել հայտնի խմբավարներ, երաժիշտներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ.

<<Միայն մեկ բառ կարող եմ ասել՝ հրաշալի երգչախումբ....  անթերի ինտոնացիա, լուրջ երգացանկ .... Ես  վաղուց եմ ճանաչում Տիգրանին և շատ եմ նրան հարգում: Նա շատ խորը երաժիշտ է, լավ ուսուցիչ, երաժիշտ և խմբավար՝ երեքը մեկում: Իսկ երգչախումբն ուղղակի հիասքանչ է>> :

Վիտաուտաս Միշկինիս

 <<Աժոլուկաս>>  երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

<<Հրաշալի երգչախումբ է: Ինքս երգչախմբի ղեկավար եմ, և հազվադեպ է պատահում այնպիսի երևույթ, ինչպիսին այս երգչախումբն է: Դուք ոչ միայն երգիչներ եք, այլև բարձր մակարդակի արտիստներ: Կարծում եմ՝ իզուր չէ, որ ձեզ անվանում են հայ երգի դեսպաններ: Թող ձեր թռիչքները հաջողություն ունենան ամբողջ աշխարհում>> :

Սոուլյուս Լաուսա

Լիտվայի մշակույթի ազգային կենտրոնի տնօրեն

 

<<Տարբեր երգչախմբերի խմբավարներ, ովքեր ներկա են եղել ձեր համերգներին մեզ փոխանցեցեին, որ երբևէ չեն լսել նման մակարդակի երգչախումբ և, հավանաբար, հետագայում էլ չեն լսի: Սա իրենց կյանքի լավագույն համերգն էր, որը դեռ երկար-երկար ժամանակ կհիշեն: Սա ինչ-որ հրաշք էր, որ տեղի ունեցավ իրենց կյանքում: Երգչախումբն այնքա՜ն լավն է, հրաշալի: Բառեր չեմ գտնում արտահայտելու ստացածս տպավորությունները>> :

Եվա Կրիվիցկայտե