Հոգևոր համերգ Արուճի վանքում

«Աստված միշտ գալիս է Իր մեծության ողջ
լիությամբ, երբ հնչում է Նրան փառաբանող
երաժշտությունը» Յ․Ս․Բախ

Հոգևոր երաժշտությունը համամարդկային ամենավեհ արժեքներից մեկն է, որի պատմությունը կերտվում է արդեն երկու հազար տարի և որին իրենց դրոշմն են թողել համամարդկային այնպիսի հանճարներ ինչպիսիք են՝ Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Կոմիտաս Վարդապետը, Յ.Ս.Բախը, Վ.Ա.Մոցարտը, Լ.Վ. Բեթհովենը և բազում այլ հանճարներ։ Հոգևոր երաժշտությունը դասական երաժշտարվեստի հիմքն է, որն էլ մեր քաղաքակրթության արժեքային հիմնաքարերից մեկն է։ Քրիստոնեական աշխարհի բազմազանության մեջ այնքան էլ մեծաթիվ չեն ինքնուրույն հոգևոր երաժշտություն ունեցող ազգերը։ Ահա այստեղ է, որ կրկնակի անգամ մեծանում և կարևորվում է հայ հոգևոր երաժշտության դերը և նշանակությունը աշխարհի հոգևոր գանձարանում։ Եվ հեղինակավոր երաժշտագետների կողմից հիմնավորված պատմական իրողությունն, համաձայն որի, համաքրիստոնեկան հոգևոր երաժշտության հիմքերը սկիզբ են առնում Հայ հոգևոր երաժշտությունից՝ եզակիորեն ընդգծում է Հայ հոգևոր երաժշտության կարևորությունը։ Ժամանակակից աշխարհի իրողությունները հոգևոր երաժշտությունը տաճարներից և եկեղեցիներից տեղափոխել է աշխարհիկ բեմեր հաճախ նվազեցնելով հոգևորի անմիջական ազդեցությունը, այնինչ հոգևոր երաժշտությունը համահունչ և առավելաբար ներդաշնակվում է իր բնական միջավայրին՝ տաճարին, եկեղեցուն, որով և հասնում է առավելագույն ազդեցության։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նախատեսել է իրականացնել հոգևոր մի համերգ, որտեղ հոգևորի անմիջական ներգործությունը, ներդաշնակությունը, երաժշտության վեհությունը և Արուճի տաճարը որպես «քարացած երաժշտություն» ունկնդրին կառաջնորդեն բարձրագույն հաղորդության։

«Հայաստանի  փոքրիկ երգիչներ»

«Հայաստանի    փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան: Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, և հանրամատչելի ստեղծագործություններ:   «Հայաստանի     փոքրիկ երգիչներ» երգչախումբն ու նրա մենակատարները գերել են բազմաթիվ երկրների հանդիսատեսների սրտերը: Երգչախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, բազմիցս մասնակցել է միջազգային ամենատարբեր փառատոների: «Հայաստանի     փոքրիկ երգիչներ» երգչախումբն 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի Մշակույթի Դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը: Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով` Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից: Երգչախմբի ձայնագրություններով թողարկված 8 խտասկավառակներն արժանացել են ազգային և միջազգային մրցանակների: 



Մանրամասներն այստեղ