2017 թվականին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից հիմնադրվում է «Կոմիտաս փառատոնը»: Փառատոնն ամենամյա է և իր մեջ ներառում է տարբեր նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության կամ Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությամբ:
Փառատոնն ընդգրկում է երաժշտական բոլոր հնարավոր ժանրերը և անցկացվում է տարբեր ձևաչափերով:
Փառատոնի նպատակն է՝ տարածել Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում, Հայաստանի մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը:
«Կոմիտաս փառատոնի» առաջին համերգը կայացել է Հառիճավանքում, 2015 թվականի հոկտեմբեր 8-ին, իսկ այդուհետ՝ ամեն տարի սեպտեմբերի 26-ին` Հայաստանի փոքրիկ երգիչներ և «Զանգակներ» երգչախմբերի մասնակցությամբ:
2018 թվականից փառատոնի շրջանակներն ընդլայնվել են և փառատոնին մասնակցել են ֆրանսիական երկու երգչախմբեր՝ «Ճամփորդող երգչախումբ» (Le Choeur Voyageur) Ֆրանսիայի Բորդո քաղաքից՝ Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ, «Փարիզի օպերայի մանկական երգչախումբը»`(Maîtrise des Hauts-de-Seine) Գաել Դարչենի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գալան» տրիոն Հունաստանից:
Փառատոնի շրջանակներում , 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ համերգներով հանդես եկավ Վիլնյուսում, Կաունասում, Տրակայում, Մոլետայում , Բեռլինում, Հալլեում և Լայպցիգի աշխարհահռչակ «Գեվանդհաուս» համերգասրահում:
2019 թվականի, հոկտեմբեր 20-ին Շվեյցարիայից ժամանած «Մերլին» վոկալ անսամբլը համերգով հանդես եկավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Փառատոնի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 հունիսի 5-ը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան անցկացնելու է Խմբերգերի միջազգային մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միջազգային հանրությանը ծանոթացնելու Կոմիտասի արվեստին, ինչու չէ՝ նաև կյանքին և ստեղծագործունեությանը:
2020 թվականին նախատեսվում է հյուրընկալել հետևյալ երգչախմբերին` մարտի 5ից 9-ը` Համբուրգի աղջիկների երգչախմբին (Գերմանիա), ապրիլի 10-ից 16-ը` «Ուգնելե» մանկական երգչախմբին (Լիտվա), իսկ սեպտեմբերի վերջին` «Գեվանդհաուս» մանկական երգչախմբին (Գերմանիա):
Փառատոնի շրջանակներում հրավիրված երգչախմբերը համերգներվ հանդես կգան Երևանում և մարզերում` կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները: