«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել էր տարբեր տարիների շրջանավարտներին: Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն էր՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին շնորհավորելու էին եկել նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Թբիլիսիի մանկական կապելան (դիրիժոր՝ Գելա Պարչուկիձե), դիրիժորներ Մարիո Ֆոնտանան (Շվեյցարիա), Ալֆոնսաս Վիլձյունասը (Լիտվա) և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Իտալիա):
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Երգչախումբն, ի դեպ, միջազգային խոշոր մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալ, մասնակցել հեղինակավոր փառատոների. 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։