«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն, աշխարհում մեծ հռչակ ունեցող Իսրայելի «Էֆրոնի» երգչախմբի ղեկավար Մայա Շավիթի կարծիքով, կարելի է դասել աշխարհի լավագույն երգչախմբերի դասին: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մայա Շավիթը, ով Հայաստան է ժամանել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ համերգին մասնակցելու համար:
Ապրիլի 30-ին «Էֆրոնի» երգչախմբի ղեկավարը« Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Հանուն սիո և կյանքի» խորագրով համերգի շրջանակներում:
«Մենք չէինք ուզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համեգը դարձնել միայն մերը և որոշեցինք հրավիրել Իսրայելից «Էֆրոնի» երգչախմբի ղեկավարին, ով 40 տարի ղեկավարում է երգչախումբը և հայտնի է համաշխարհային երգչախմբային ընտանիքում: Որոշեցինք հրավիրել իրեն՝ համատեղ համերգ տալու համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Նա հավելեց, որ համերգի ընթացքում երկու խմբավարները համարից համար փոխարինելու են միմյանց:
Համերգային ծրագիրը բաղկացած է լինելու հայ, հրեա և արտասահմանյան հեղինակների՝ Կոմիտասի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Օռլանդո դե Լասսոյի, Թմիլիո Դուբլանկի, Սթինգի, Յոնի Ռեշթեր և այլոց հայտնի ստեղծագործություններից:
«Իմ երազն էր այցելել Հայաստան և աշխատել Տիգրան Հեքեքյանի հետ: Երբ ես երիտասարդ էի, կարդացի Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և այդ օրվանից Հայաստան բառը իմ հոգու խորքում, կարծես, մի լարի դիպչի: Կարդացի Հայաստանի մասին և այսօր շատ բան գիտեմ երկրի մասին. մասնավորապես, սա ինձ համար յուրահատուկ թեմա է, քանի որ իմ ժողովուրդը նույնպես վերապրել է ցեղասպանություն: Սակայն Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր քսաներրորդ դարի, և այն կարծես հնարավուրություն տվեց այլ ազգերին նման կերպ վարվել ուրիշների նկատմամբ», - ընդգծեց Մայա Շավիթը:
Նա հավելեց, որ մի յուրահատուկ բան է տեսնում հայերի մեջ և Հայաստանում. այստեղ առավել վառ է զգացվում հայկական ոգին անգամ օդի մեջ, դրսում և պուրակներում: Ըստ նրա՝ մարդու ոգին կարող է բարձրացնել և վերակենդանացնել ազգը:
Իսրայելցի խմբավարը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ արդեն ելույթ է ունեցել Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին ներկա էր Վանաձորի մտավորականությունը: