Ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում «Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը կներկայացնեն ճապոներեն երգեր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը։ Երաժշտի խոսքով՝ չորս օրում պետք է ձայնագրվեն 10 ստեղծագործություն։
Ճապոնիայից Երևան է ժամանել 4 մասնագետ՝ կազմակերպության տնօրենը, հնչյունային ռեժիսորը, պրոդյուսերը, լուսանկարիչը: Ինչպես հայտնի դարձավ ասուլիսում, «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն փոքրիկ երգիչների կատարումները լսել է պատահաբար հեռուստատեսությամբ՝ ուղիղ մեկ տարի առաջ։
-Մենք տեսել ենք այդ հաղորդումը` նրանց մասնակցությամբ։ Շատ տպավորված ենք և ցանկանում ենք, որ այդ երեխաները երգեն ճապոներեն երգեր։
Ճապոնական կողմը ցանկանում է այդ երգերից ստեղծել ձայնասկավառակ և տարածել ողջ Ճապոնիայով։
-Շնորհակալ ենք պարոն Հեքեքյանին, որ համաձայնվեց մասնակցել այս նախաձեռնությանը։